25 մարտի 2019 - 13:20 AMT
Տոնոյանը ներկայացրել է ռազմաքաղաքական վիճակն ու հնարավոր զարգացումները տարածաշրջանում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչությունը:

Տոնոյանը զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորել է ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: