26 մարտի 2019 - 12:56 AMT
ՀՀ-ում 60-70,000 ծայրահեղ աղքատ մարդ կա

ԱԺ մարտի 26-ի նիստում՝ կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարել է, որ ներկայում երկրում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը 60-70,000 է:

Այսինքն, ծայրահեղ աղքատ է ՀՀ մշտական բնակչության 2.3%-ը:

Փոխնախարարը նշել է, որ այդ անձանցից բոլորը չէ, որ կենսաթոշակառու են:

«Նրանց մի չնչին մասն է, որ թոշակ է ստանում: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը», - ասել է փոխնախարարը:

ՀՀ-ում կենսաթոշակային համակարգում ներմուծվում է նոր ինստիտուտ՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որն այս պահի դրությամբ 25,500 դրամ է կազմում:

Փոփոխությունը վերաբերելու է մոտ 18,000 կենսաթոշակառուի։ Պետական բյուջեում այս որոշումը կհանգեցնի մոտ 800 մլն դրամի ծախսերի ավելացման։