26 մարտի 2019 - 14:58 AMT
ԱԻՆ-ը ժամանակակից տեխնիկա կստանա Ճապոնիայից

ԱԻՆ-ը ժամանակակից տեխնիկա կստանա Ճապոնիայի կառավարությունից: Այդ մասին ասվել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպմանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի հայաստանյան պատասխանատու Մուրաի Հիրոմիցուի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը և «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի ընթացքը և կազմակերպումը:

Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային գործակալության հետ ԱԻՆ բազմակողմանի համագործակցությունը: Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակն աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումներն են, ինչպես նաև հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը:

Մասնավորապես՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում նախատեսված միջոցառումների առաջին փուլով փրկարար ծառայության՝ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային վարչություններին (ՄՓՎ) կտրամադրվի գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ինժեներափրկարական աշխատանքներ:

Մասնավորապես, Շիրակի և Լոռու ՄՓՎ-ներին կտրամադրվի 5-ական հրշեջ մեքենա և մեկական շարժասանդուղք, իսկ Սյունիքի ՄՓՎ-ին` 4 հրշեջ մեքենա և մեկ շարժասանդուղք:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-ին:

Մուրաի Հիրոմիցուն, շնորհակալություն հայտնելուվ ընդունելության համար, նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է ճգնաժամների կառավարման հարցում ՀՀ-ի հետ համագործակցությունը:

Այդ առումով, կազմակերպության պատասխանատուն առաջարկել է օգտվել Ճապոնիայի՝ աղետներին դիմակայելու հարուստ փորձից:

Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տրամադրվող օժանդակության համար և որպես հայ ժողովրդի երախտիքի տուրք հիշել, որ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հուշահամալիրի մոտ տեղադրված է զոհված ճապոնացի փրկարարների հիշատակը հավերժացնող խաչքար: