26 մարտի 2019 - 17:08 AMT
Բակո Սահակյանը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Ուղերձում մասնավորապես ասված է.«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։

Ձեր բարձր պրոֆեսիոնալ և մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարևոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը»։

Նշվում է, որ Արցախի նախագահը առանձնահատուկ ջերմությամբ է հիշում նրա այցելությունն Արցախ, հանդիպումներն ու քննարկումները:

«Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում և աշխարհասփյուռ հայության շրջանում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում»։, ասված է ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ։ Նա առաջին ընտրված կին վարչապետն է: Բերեջիկլյանի հաղթանակը նաև թույլ կտա նրան մտնել պատմության մեջ, որպես Լիբերալ կուսակցության առաջին առաջնորդ , որն իր կուսակցությունը կտանի դեպի լիազորությունների երրորդ ժամկետ:

Գլեդիս Բերեջիկլյանը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2017-ից, երբ Լիբերալ կուսակցության ղեկավարը հրաժարական տվեց և կուսակցության ղեկավար ընտրվեց Բերեջիկլայնը՝ դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը: