26 մարտի 2019 - 17:26 AMT
ԵԱ. Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ առաջատարներից

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը:

Հրանտ Մելքումյանի և Մանուէլ Պետրոսյանի միջև պարտիան հաղթող չի ունեցել, կեսական միավոր են վաստակել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը: Նախավերջին տուրից առաջ Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 5.5 միավոր և կեսական միավոր է հետ 4 առաջատարներից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը՝ 5 միավոր:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: