27 մարտի 2019 - 15:56 AMT
«Խելացի» անասնագոմեր, ապահովագրություն, ցածր տոկոսներ. 8 առաջարկ գյուղացուն՝ գործադիրից

ԱԺ մարտի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման, դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր։

«Խելացի» անասնագոմի ծախսի կամ վարկի կեսը կծածկի պետությունը

«Սա նշանակում է, որ կառավարությունը գյուղացուն ասում է, որ եթե գյուղացին, օրինակ՝ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11 մլն դրամով անասնագոմ, կառավարությունը գյուղացու 11 մլն դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70%-ն է հետ տալիս», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է նաև, որ կառավարությունը ունի մի ուրիշ` գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկային ծրագիր։

«Գյուղացին կարող է գնալ այդ վարկը վերցնել, բերել գոմ սարքել և կառավարությունը իր վերցրած վարկի գումարի 50%-ը կանխիկ կվերադարձնի իրեն, սահմանամերձ գյուղերում 70%-ը։ 35 մլն դրամի առաստաղ է դրվել, որպեսզի չստացվի որ խոշոր բիզնեսներն են ֆինանսավորվում», - ասել է Փաշինյանը:

Սերմնաբուծության ոլորտին վերաբերող ծրագիր է մշակվել

«Եթե գյուղացին բարձր որակի սերմ ստանա և արդյունքում ստիպած լինի այդ սերմը վաճառել ոչ թե որպես սերմ, այլ որպես սովորական հացահատիկ, կառավարությունը գնի այն մնացած հատվածը, որ գյուղացին վնաս եք կրել, ամբողջությամբ կփոխհատուցի», - ասել է վարչապետը:

Իջեցված տոկոսներ տավարաբույծների և մթերողների համար

Նա հավելել է նաև, որ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման վարկային ծրագրի համար կառավարությունը տոկոսները իջեցրել, դարձրել է 2%: Իսկ սուբսիդավորված վարկային ծրագրի շրջանակում մթերող ընկերություններին կառավարությունը վարկ է տրամադրելու 3%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0% տոսկոսադրույքով:

Լիզինգի ծրագիր՝ վարկը 2%-ով, կոպերատիվներին՝ 3%-ով

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիր՝ գյուղացին վարկը կարող է վերցնել 2%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0%: Գյուղացիական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ գյուղատնտեսական կոպերատիվներին՝ 3%-ով, սահմամանմերձ բնակավայրերում՝ 0%-ով, իսկ ընդհանուր առմամաբ՝ 5%-ով:

Գյուղապահովագրության ծրագրի գործարկում

Վարչապետը հայտնել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվում և ծրագրի իրականացվելու է 6 մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ Կոտայք, Վայոց Ձոր։

«Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ։ Եթե գյուղացին ապահովագրությունը գնի, կառավարությունը գյուղացու ապահովագրության 50%-ը կսուբսիդավորի (կվճարի գյուղացու փոխարեն)», - ասել է վարչապետը: