5 օգոստոսի 2008 - 18:29 AMT
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զինծառայող Գոռ Մանասյանի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել հուլիսի 19-ին Ադրբեջանում սպանված հայ զինծառայող Գոռ Մանասյանի մարմինը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, մարմնի հանձնումը տեղի է ունեցել այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

Նշենք, որ, ինչպես նախկինում հայտարարել էր Սեյրան Շահսուվարյանը, Գոռ Մանասյանը մոլորվել, հայտնվել է Ադրբեջանի կողմում, որտեղ էլ գնդակահարվել է: Ընդ որում` նա ավելացրել էր, որ զինվորը եղել է առանց սաղավարտի, զրահաբաճկոնի եւ որեւէ հատուկ միջոցների: «Ադրբեջանի տարածք իբր ուղարկված Հայաստանի ԶՈՒ եւ ոչ մի դիվերսիոն խմբում Մանասյանը չի եղել»,-ընդգծել է Սեյրան Շահսուվարյանը:

Հուլիսի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ «հայ դիվերսանտները փորձում էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը, բայց ադրբեջանցի զինվորականները կանխել են այդ փորձը: Փոխհրաձգության ընթացքում սպանվել է մեկ հայ դիվերսանտ: Սպանվածի մարմինն ու զենքը մնացել են ադրբեջանական կողմում»: Տվյալ հաղորդումը ժխտվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից: Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ Բաքվի հերթական քարոզչական քայլն է: