28 մարտի 2019 - 14:26 AMT
Իրավապաշտպան. Ադրբեջանում խոշտանգում և սպանում են զինծառայողներին «հայերի հետ կապի» համար

Ադրբեջանցի իրավապաշտպան Օքթայ Գյուլալաևը մեղադրել է երկրի ուժային կառույցներին սեփական զինծառայողներին խոշտանգելու և սպանելու մեջ:

Նա հրապարակել է Տերտերի զինդատարանի 2019-ի հունվարի 31-ի դատավճիռը, որը կայացվել է ադրբեջանական բանակի զինվորների խոշտանգումների և սպանությունների մասին գործով՝ զինվորներին մեղադրում էին հայերի հետ համագործակցելու մեջ, գրում է Contact.az-ը:

Նշված անձինք ձերբակալվել էին 2017-ի մայիսին և որոշ ժամանակ անց մահացել կալանավայրում: Հատկանշական է, որ 8 մահացածից 4-ը հետո արդարացվել է, իսկ նրանց խոշտանգումների ենթարկածները ձերբակալվել, բայց ոչ կալանավորների սպանության համար:

«Ինչպե՞ս է ստացվում, որ առանձնակի դաժանությամբ կալանավորներին սպանողները դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, այն էլ ոչ սպանության հոդվածով: Ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի, բրիգադի հրամանատարությունը, որտեղ կատարվել էր «դավաճանությունը», պահպանում է իր պաշտոնները, իսկ շարքայինները տանջանքների են ենթարկվում և խստորեն պատժվում»,-գրել է Գյուլալալևը:

2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառտույցները համատեղ հայտարարությամն հանդես եկան մի խումբ զինվորական և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք իբր «հայերի օգտին են աշխատել» Տերտերի շրջանում:

Փաստով հարուցվել էր քրգործ ՔՕ 274՝ պետական դավաճանության հոդվածով: Հետաքննության արդյունքների մասին հանրությանը չեն իրազեկել: