28 մարտի 2019 - 14:41 AMT
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: