29 մարտի 2019 - 10:37 AMT
Տոնոյանն ԱՄՆ-ում քննարկել է Սիրիայում ՀՀ առաքելությանն առնչվող հարցեր

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնել է նաև, որ հանդիպման նպատակն էր քննարկել Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման ուղղությամբ հետագա քայլերը։

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Հետագայում հայ սակրավորներից մեկը վիրավորվել է, որն այժմ բուժում է ստանում Մոսկվայում: