1 ապրիլի 2019 - 11:23 AMT
IBM-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ է դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի բարձրորակ գիտական ու կրթական միջավայր, ինչպես նաև կարևոր կամուրջ է արևելքի ու արևմուտքի միջև, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: