1 ապրիլի 2019 - 14:24 AMT
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Վիեննայում Ալիևի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական գործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս ներկա էր հանդիպմանը։