7 օգոստոսի 2008 - 15:34 AMT
Ստեփանակերտի որեւէ վերաբերմունք ԼՂՀ «նոր» մայրաքաղաքի կառուցման նկատմամբ չկա եւ չի էլ կարող լինել
Պաշտոնական Ստեփանակերտի որեւէ ռեակցիա Բաքվի վերջին «նախաձեռնության» նկատմամաբ Լեռնային Ղարաբաղի «նոր» մայրաքաղաքի կառուցման մասին չկա եւ չի էլ կարող լինել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի պաշտպանության, սպառազինության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Գուցե ադրբեջանական իշխանությունները իրոք եզրակացրել են, որ չի կարելի նավթով ու գազով հարուստ երկրում 20 տարի մարդկանց վրաններում պահել: Մենք այդ առասպելական Նարգիզթեփե քաղաքը անվանում էինք Նյու-Աղդամ, սակայն ԼՂՀ կառավարության տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի բաժնի վարիչ Վարդգես Օվյանի խոսքերից հետո սկսեցինք անվանել «Նյու-Վասյուկի»: Հավատացեք, դա չափազանց անլուրջ է, անգամ մեկնաբանությունների համար»,- հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բախմանովը հայտարարեց, որ ներկա դրությամբ Ադրբեջանի Խոջավենդի շրջանում կառուցվում է բնակավայր Խոջավենդի, Խոջալուի եւ Շուշիի ստիպված վերբնակների համար: «Նրանք բոլորը հանդիսանում են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անդամներ: Նրանց քանակը տատանվում է 5-6 հազարի միջեւ: Այժմ կազմվում են այդ մարդկանց ցուցակները: Սակայն Ղարաբաղում զանգվածային գրանցումների մասին խոսք չկա»,- ասել է Բախմանովը:

«Այժմ Բաքվում նոր զբաղմունք է հայտնվել` հորինել են առասպելական մի քաղաք, անունը դրել Նարգիզտեպե: Նույնիսկ սկսել են «փախստականներ» հավաքագրել ապագա մայրաքաղաքի համար: Այս ամենը հիշեցնում է Օստապ Բենդերի «հիմնադրած» Նյու Վասյուկին»,-հայտարարել է Վարդգես Օվյանը: «Ադրբեջանցիները նույն հաջողությամբ կարող էին նկարել Լուսնի կամ Մարսի քարտեզը, մի մեծ կետ նշել նրա վրա եւ անվանել այն Նյու Բաքու: Դա շատ դյուրին է, ավելի դժվար է բնակեցնել այդ «նոր քաղաքն» ադրբեջանցիներով: Այնպես որ, մարդկային երեւակայությունը կարող է սլանալ ուր ասես, սակայն, երբ այն չափից շատ է հեռանում իր «էպիկենտրոնից», արդեն ծիծաղելի է դառնում: Նույն հաջողությամբ ղարաբաղցիները կարող են Բաքվից ոչ հեռու բնակավայր «հիմնել» Ադրբեջանից բռնագաղթված 400 հազար իրենց հայրենակիցների համար, անվանելով այն, օրինակ, Արցախակերտ»,-ասել է նա «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում:

Խոջավենդի շրջանը հանդիսանում է նոր արհեստականորեն ստեղծված վարչկան միավոր Ադրբեջանի հարավ-արեւմուտքում: Ըստ Ադրբեջանի սահմանադրության, այդ միավորը բաժանված է ԼՂՀ Մարտունու եւ Հադրութի շրջանների, վարչական կենտրոնը Մարտունին է: