1 ապրիլի 2019 - 18:07 AMT
ԲՀԿ-ականներն առաջարկում են խստացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով առաջարկում են քրեորեն պատժելի դարձնել կենդաներիների վրա կրակելը ու նրանց վրաերթի ենթարկելը։

ԲՀԿ-ական պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը հրազենային վիրավորմամբ մի շան մասին տեսանյութ է հրապարակել, նա գրել է, որ քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաև այն անձանց համար, ովքեր կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից:

«Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանն առաջարկում է օրենքով ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը:

«Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն է վերապահված կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործմանն առնչվող գրեթե բոլոր հարցերը, թվում է թե կան կարգավարումներ, որոնք թույլ կտան ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների հանդեպ, սակայն իրական կյանքում դրանք միշտ չէ, որ գործում են: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ լրացումներ իրականացնել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենդանիների քանակի կարգավորման և կենդանական աշխարհի պաշտպանության հոդվածներում, օրենքով ամրագրելով կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը», - խորհրդարանում շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորումներում նշում է պատգամավորը: