2 ապրիլի 2019 - 11:40 AMT
Կառուցապատողն այսուհետ մեկ այցով կստանա հսկող մարմնի հաստատումը

Կառուցապատողն այսուհետ ավարտված շինարարական օբյեկտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ակտն ընդունող հանձնաժողովից կստանա ընդամնեը մեկ այցելությամբ։

Գործող կարգավորմամբ, ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները:

Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։ Ավարտական ակտ ձևակերպելու համար կառուցապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։

Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Առաջարկվում է սահմանել որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ստեղծելու համար ՀՀ կառավարության իրականացվող շարունակական քաղաքականությունը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Միաժամանակ, Նախագծի հրատապ ընդունելու և Համաշխարհային բանկի կողմից հաշվի առնելու պարագայում այս տարի կկրճատվի ավարտական ակտի ստացման համար ՀԲ-ի գնահատմամբ պահանջվող 3 քայլը և 20 օր՝ հանձնաժողովի ձևավորման և ստուգման անցկացման մասով։ ՀՀ-ի դիրքը այս ցուցիչի մասով, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 33 կետով և կզբաղեցնի 65-րդ տեղը, հեռավորությունը լավագույն արդյունքից՝ 72.50 միավոր։