2 ապրիլի 2019 - 12:05 AMT
ՀՀ թվային օրակարգի մշակման աշխատանքներն են մեկնարկել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ անցկացրել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, դրանով հայտարարվել է Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը ներկայացրել են Հայաստանի թվային փոխակերպման ՀՀ կառավարության տեսլականը:

Գեղամ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվել են մեծածավալ աշխատանքեր է կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում և շեշտել է ազգային թվային օրակարգը մշակելուց առաջ նախկինում կատարված աշխատանքների գույքագրման կարևորությունը:

Նախարարի խորհրդականը կարևորել է թվային օրակարգի մշակման մասնակցային գործընթացը՝ համոզմունք հայտնելով, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի և պատշաճ կերպով կկենտրոնացնեն իրենց ջանքերը, կմասնակցեն համակողմանի շահերի վրա կառուցված, երկրի ներառական տնտեսական աճին ու միջազգային թվային շուկաներին արագ ու անխոչընդոտ ինտեգրմանը միտված ազգային թվային օրակարգի մշակմանը:

ՀԲ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովը, ով կարևորեց թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի և ՀՀ կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու ՀՀ կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին:

Ծրագրի առաջատար պատասխանատու Պրասաննա Լալ Դասը ներկայացրել է «Տվյալների հիման վրա զարգացում» ուղենշային զեկույցը, որտեղ ընդգծվում է տվյալների ռազմավարական և առանցքային նշանակությունը թվային մրցունակության համատեքստում, հետևաբար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կառավարման ռազմավարություն: