Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր, այդ թվում, այն պատճառով, որ հաստատվեց բանակցությունների գործող ձևաչափը: Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:
Նա հայտարարել է նաև, որ «Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը», հայտնում է Intefax.az-ը:
Ալիևը ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել՝ «հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ բանակցությունների նպատակն է՝ «ազատագրել ադրբեջանական տարածքները»:
«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ալիևը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությանը, ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի մեր ձգտումը պետք է լինի այդ պատերազմը հաղթել։ Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։