2 ապրիլի 2019 - 18:27 AMT
Փաշինյանից հետո Պուտինը Վիեննայի հանդիպումը քննարկել է նաև Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտինն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը։ Նա նաև վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին: