3 ապրիլի 2019 - 15:38 AMT
Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի կալանքը վերացվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը վերացվել է: Այդ մասին ասվում է 2018-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ, որտեղ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով կալանավորված Քոչարյանի պայմաններին կալանավայրում:

Ավելի վաղ ՄԻՊ-ը դիմել էր ՀՔԾ՝ նշելով, որ մեղադրյալի ամբողջ ծավալով պետական կենսաթոշակի վրա կալանքը կարող է առաջ բերել սեփականության իրավունքին պետության կողմից ոչ համաչափ միջամտության խնդիր:

ՄԻՊ-ի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին խցում համակարգիչ ունենալու թույլտվություն է տրվել՝ առանց համացանցի հասանելիության:

Նշվում է նաև, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել էր նրան «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվել են պահման պայմաններն ու Պաշտպանի իրավասությանն առնչվող այլ հարցեր: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:

Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահի կողմից բարձրացվել էին մի շարք հարցեր, որոնք սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության շրջանակներում ուղղվել են համապատասխան պետական մարմինների: