4 ապրիլի 2019 - 15:19 AMT
Վանեցյանը՝ ֆեյքերի մասին. Եթե հանցակազմ չկա, անելիք չունենք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված:

«Եթե գրառումների մեջ՝ լինի ֆեյք, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու և բացահայտելու համար այդ երևույթը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Թե ինչպես է պատկերացնում ֆեյքերի դեմ պայքարի միջոցները, Վանեցյանը չի մանրամասնել՝ պնդելով, որ վարչապետը ժամեր առաջ է հանձնարարել ուշադրություն դարձնել այս խնդրին ու վերջինս պետք է ուսումնասիրվի:

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: