4 ապրիլի 2019 - 16:08 AMT
Մահացել է ռեժիսոր Գեորգի Դանելիան

88 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան: Այդ մասին «Նովայա գազետային» հայտնել է ռեժիսորի ընտանիքը:

Դանելիան փետրվարին հոսպիտալացվել էր թոքաբորբով: Նա վերակենդանացման բաժանմունքում էր, բժիշկները նրան ժամանակավոր կոմայի մեջ էին մտցրել շնչառությունը կայունացնելու համար:

Դանելիա վրացական ծագմամբ դերասան է, որն ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է (1989): 1959 թվականին Գեորգի Դանելիան սկսել է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։

1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Ֆիտիլ» սատիրական ամսագրի համար։Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։