4 ապրիլի 2019 - 16:15 AMT
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատի է տվել «Լիդիան Արմենիային»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, հայտնել է Ecolur-ը:

ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիային» հրապարակայնորեն հերքելու 2018 թվականի հուլիսի 26-ին ընկերության ֆեսբուքյան և յութուբյան էջերում հրապարակված «իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկությունները»:

Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, ներկայում հայցը գտնվում է դատաքննության փուլում:

Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մի քանի դատական նիստ արդեն տեղի է ունեցել: Հերթական նիստը նշանակված է ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին:

Ավելի վաղ «Լիդիան Արմենիայի» յութուբյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր, թե կոմբինատի մեքենայով սնունդ է մատակարարվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարներին: