5 ապրիլի 2019 - 10:55 AMT
Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ի երեկոյան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:

Վավերացման օգտին է քվեարկել խորհրդարանի մեծամասնությունը, ձեռնպահ են մնացել միայն AfD և die Linke խմբակցությունները:

Խոսելով հօգուտ վավերացման՝ գերմանացի խորհրդարանականները հատուկ շեշտել են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և դրա արդյունքում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունները:

Ապրիլի 3-ին համաձայնագրին հավանություն էր տվել Գերմանիայի Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն՝ խորհուրդ տալով խորհրդարանին վավերացնել այն առանց փոփոխության:

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Լեհաստանը: