5 ապրիլի 2019 - 17:12 AMT
Տրանսգենդերն ԱԺ-ում ելույթ է ունեցել. Զոհրաբյանը զայրացել է

Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր է ելույթը ունեցել:

Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։

«Խնդրում եմ, ինձ ընդունել որպես հավաքական կերպար. ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, մահափորձի ենթարկված, սպանված, թալանված գործազուրկ հայ տրանսգենդերի կերպարը», - հայտարարել է Լիլիթ Մարտիրոսյանը։

Նրա ելույթը բարկացրել է Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Նա հայտարարել է, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։

«Դուք խախտել եք մեր օրակարգը, ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի նկատմամբ։ Չի կարելի խախտել օրակարգը, որը հստակ սահմանված էր», - հայտարարել է Զոհրաբյանը։

Տրանսգենդերը ցուցադրաբար լքել է ԱԺ դահլիճը։