1 սեպտեմբերի 2008 - 14:54 AMT
Այսօր բացվում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Կովկասում ստեղծված իրավիճակին
Այսօր Բրյուսելում բացվում է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Կովկասում ստեղծված իրավիճակին: Հանդիպման նախաձեռնողներն են Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Բալթիայի երկրները: Այդ պետությունները պնդում են, որ հարկավոր է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ակնկալվում է, որ ԵՄ 27 պետությունների ղեկավարները կդատապարտեն Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստը:

Գագաթնաժողովի նախօրեին արեւելաեվրոպական պետությունների կողմից առաջարկներ են հնչել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին: Սակայն այդ գաղափարը հավանություն չի ստացել: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները հայտարարել է, որ ամփոփիչ հայտարարության նախագծում մի բառ անգամ չկա պատժամիջոցների մասին:

Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակը նախօրեին հերթական հեռախոսազրույցի առարկա է դարձել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ, հաղորդում է «ՆՏՎ»-ն: