11 ապրիլի 2019 - 14:15 AMT
Յագլանդ. ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը

Եվրոպայի խորհուրդը կշարունակիգործակցել ՀՀ կառավարության հետ ժողովրդավարության զարգացման գործում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին, և Եվրոպայի խորհուրդը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար և բարձր գնահատել նրա անձնական ավանդը Եվրոպայի խորհրդի գործունեության արդյունավետ իրականացման և հեղինակության բարձրացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի համար ԵԽ-ն կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ:

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` ժողովրդավարությունը Հայաստանի և հայ հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք, այլ ոչ թե արտաքին կողմնորոշում, և Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու այն ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու ճանապարհով: Թորբյորն Յագլանդն իր հերթին կարևորել է Հայաստանում` որպես ԵԽ անդամ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը` նշելով, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական արժեքներին հանձնառու լինելու մասին, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին այդ գործում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: