1 սեպտեմբերի 2008 - 15:39 AMT
Հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ չպետք է կախված լինեն երրորդ երկրի շահերից
«Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները, ինչպես եւ երկու երկրների ժողովրդները, պետք է օգտվեն երջանիկ պատահականությունից, որ ընձեռնեց ՖԻՖԱ-ի վիճակահանությունը եւ փորձել մինչեւ վերջ օգտվել այս եզակի շանսից, հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված փակուղուց դուրս գալու համար եւ դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի վրա»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, առաջին անգամ երկու երկրների նախագահները հաստատեցին, որ հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է կախված լինեն երկու երկրների դիրքորոշումներից, այլ ոչ թե երրորդ երկրների շահերից: «Մեր դիրքորոշումը նույնն է մնում` Հայաստանը կողմ է առանց նախապայմանների երկխոսության: Հարաբերությունների հաստատումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների սոցիալ-տնտեսական դրության վրա: Հաշվի առնելով նաեւ աճող լարվածությունը տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերությունները սքողված դիմակայության հարթությունից պետք է անցնեն դինամիկ զարգացման հարթություն»,-ասել է հայ պատգամավորը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին միասին դիտելու սեպտեոմբերի 6-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ, որ կայանալու է 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Թուրքիայի նախագահն ընդունել է հրավերը:

Երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ. ի վեր Թուրքիայի կողմից` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: