12 ապրիլի 2019 - 12:26 AMT
Մատվիենկո. Ռուսաստանն առավելագույն ջանքերն է գործադրում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմաը, դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը՝ մենք առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, քանի որ այլ լուծում չկա»,-ասել է Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը Բաքվում, հայտնում է Interfax.az-ը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների ապրիլի 2-ի հեռախոսազրույցում Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել հետագայում ևս նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների հետագա որոնմանը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Առաջիկայում, կարծեմ ապրիլի 15-ին, Մոսկվայում կհանդիպեն ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Քայլ առ քայլ, կարծում եմ, մեզ միասին կհաջողվի փոխզիջման գալ, առաջ շարժվել և լուծում գտնել: Հավաստիացնում եմ, որ Ռուսաստանը չի թուլացնելու ուշադրությունն այդ խնդրի հանդեպ»,-ասել է նա:

Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը: