13 ապրիլի 2019 - 14:39 AMT
Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը:

Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում ցուցադրե է 427 (192+235) կգ արդյունք:

Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 387 (181+206) կգ արդյունքով գրավել է 8-րդ տեղը:

2018-ի նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով և սահմանել աշխարհի ռեկորդ:

Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:

Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: