15 ապրիլի 2019 - 21:35 AMT
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է։

Մասշտաբային հրդեհը տեսանելի է քաղաքի կենտրոնի բազմաթիվ հատվածներից։

Զոհերի ու վիրավորների, ինչպես նաև վնասի մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան։

01:15 Հրշեջները հայտնում են, որ շենքի հիմնական մասը հնարավոր կլինի փրկել։ Տաճարից դուրս են բերվել մի շարք մասունքներ, այդ թվում՝ Քրիստոսի փշե պսակը, պայքար է գնում տաճարի ետնամասի համար, ուր կարևորագույն մշակութային կոթողներ են պահվում։

00:15 Փարիզի հրշեջներն ասում են՝ մոտակա մեկ ժամում պարզ կլինի, հնարավոր է փրկել այն, ինչ մնացել է:

Այն, ինչ դեռ մնում է Նոտր Դամից

23:59 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավն էր արտահայտել հրդեհի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը ապրումակցում է Ֆրանսիային այս պահին։

22։25 France 24-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցավակցություններ է հայտնել ողջ ժողովրդին ու կաթոլիկ աշխարհին, որը ևս Զատիկի շաբաթում է։

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհեր չկան։

22։18 Ամբողջովին փլվեց տաճարի կտուրը, հաղորդում է Reuters-ը։

22:04 Փլուզման բազմաթիվ տեսանյութերից մեկը՝ հղումով։

21։51 CBS-ը հայտնում է, որ տաճարի զանգակատունը փլուզվել է կրակից։

21:41 Դատելով դեպքի վայրից լուսանկարներից, կրակի մեջ է զանգակատունն ու այն շրջապատող շինարարական կոնստրուկցիաները։

21։36 Քաղաքապետ Անն Հիդալգոն կոչ է արել որքան հնարավոր է հեռու մնալ դեպքի վայրից՝ աշխատանքները չխանգարելու համար։

21։32 Կրակը կարող է կապված լինել տաճարում ընթացող վերականգման աշխատանքների հետ։