2 սեպտեմբերի 2008 - 15:18 AMT
Բակո Սահակյան. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը զուտ ժամանակի հարց է
«Սեպտեմբերի 2-ին նշում ենք մեր ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի տոն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրը: Տոն, որը նոր էջ բացեց արցախահայության կյանքում եւ դարձավ հայոց անկախ պետականության վերականգնման սկիզբը»,-ասված է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Օրվա առթիվ հղած ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«17 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը ձեռնամուխ եղավ ազատ ու անկախ, ժողովրդավարական ու սոցիալական պետություն կառուցելու իր դարավոր երազանքի իրականացմանը: Դա մի դժվարին ճանապարհ էր, որը կարողացանք հաղթահարել մեր անկոտրում կամքի, միասնության ու համախմբվածության շնորհիվ: Արցախը դարձավ հայ ժողովրդի հաղթական ոգու վերածննդի խորհրդանիշ:

Անցած տարիների ընթացքում մենք կարողացանք ոչ միայն վերականգնել պատերազմի հետեւանքով ավերված տնտեսությունը, այլեւ կայուն հիմքեր ստեղծել պետության հետագա զարգացման համար: Խորացնելով եւ ամրապնդելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերը, համատեղելով աշխարհասփյուռ հայության ջանքերն ու ներուժը, սկսեցինք արդյունավետորեն լուծել հանրապետության առջեւ ծառացած խնդիրները, բարելավել բնակչության կենսապայմանները, զարգացնել շինարարությունն ու ենթակառուցվածքները:

Այսօր կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ ունենք հզոր ու մարտունակ բանակ, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, համաչափ զարգացող երկիր, որը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը:

Բարեկամներ, մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ գնով ենք նվաճել այսօրվա մեր ազատ ու խաղաղ կյանքը, ինչ կորուստներ ու զրկանքներ է կրել մեր ժողովուրդը իր անկախ պետականության կերտման ճանապարհին: Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքն են նվիրաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:

Մենք պարտավոր ենք իրականություն դարձնել մեր նահատակների նվիրական երազանքը` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ սերունդներին թողնել հզոր ու անկախ, խաղաղ ու բարգավաճ հայրենիք: Վստահ եղեք, դա ժամանակի հարց է:

ԼՂՀ իշխանությունները հավատարիմ են մնում այն գաղափարին, որ առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով, վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն միայն ու միայն ուղիղ եւ անմիջական երկխոսության միջոցով: Պետք է բոլորը գիտակցեն մեկընդմիշտ. Արցախի անկախությունը այլընտրանք չունի եւ սակարկության ենթակա չէ:

Սիրելի արցախցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու նորանոր հաջողություններ` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի»: