16 ապրիլի 2019 - 11:15 AMT
Մամեդյարով. Երևանի հետ բանակցելիս խորապես որոշ պահեր հասկացանք

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մի քանի առաջարկ է քննարկվել, որոշ լուծումներ ընդունվել են:

«Անցկացվել են լայն սուբստանտիվ բանակցություներ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցերը, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին: Սակայն, մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:

«Բնականաբար, մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի: Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք ինչ խնդիրներ կան: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք գրավյալ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա: Քննարկումներն անցկացվել են այս 4 հարցի շուրջ, որոշվել է շարունակել բանակցությունները»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: