16 ապրիլի 2019 - 13:34 AMT
Ծառուկյան. Եթե կլինկերի վրա տուրք չդնեն, ցեմենտ չենք արտադրի

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբկացության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է»:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա:

Ծառուկյանը նշել է, որ կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ամենաթանկ բաղադրիչն է:

«Այսօր 100,000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն դրամի գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 350 հոգու աշխատավարձ տալ: Եթե իրենք մտածում են՝ կլինկերի վրա տուրք չդնել, անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել, ես պահանջներ չունեմ, բայց հանձնաժողովի նախագահից պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի: Կառավարությունը որոշել էր, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց, բոլորդ էլ կիմանաք հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասել է Ծառուկյանը:

Նա նաև նշել է, որ այսօր այն գինը, որով այժմ արտադրում են ցեմենտը, իրենց ձեռնտու չէ, և ստեղծված իրավիճակում գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ կարող են մնալ առանց աշխատանքի, քանի որ շուկայում մնալու համար «ԱրարատՑեմենտը» ստիպված կլինի արտադրությունն իրականացնել ներկրված էժան հումքով:

Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ 1200 աշխատակցի ծանուցում է ուղարկվել աշխատանքից հեռացման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գործարանի սեփականատեր Ծառուկյանի հետ:

ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

«Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու», - ասվում է հիմնավորման մեջ:

Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը: