17 ապրիլի 2019 - 11:04 AMT
Նոտր Դամի հրդեհման հնարավոր պատճառը հայտնի է

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Քրեական գործը հարուցվել է ոչ միտումնավոր վնաս հասցնելու հիմքով, ասել է Հեյցը:

Հետաքննությամբ 50 մասնագետ է զբաղվում: Քննությունը պարզել է, որ առաջին անգամ հակահրդեհային համակարգի ազդանշանը գործել է տեղի ժամանակով 18:20-ին: Ստուգման արդյունքում բռնկման աղբյուրը հայտնաբերվել չի հաջողվել: «18:43-ին ազդանշանը երկրորդ անգամ է գործել և արդեն կրակը հայտնաբերվել է փեղկի մակարդակում»,-ասել է Հեյցը: Դրանից հետո բոլորը տարհանվել են եկեղեցուց, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ Հեյցի, վերանորոգման աշխատանքներին մասնակցող մասնագետներն արդեն հարցաքննվել են: Այդ աշխատանքին ընդհանուր առմամբ մասնակցում է 5 ընկերության աշխատակից: Շատերը դեռևս պետք է հարցաքննվեն: Բռնկման պատճառների մասին եզրակացություն հնարավոր կլինի անել միայն փորձագետների զննություննից հետո, այժմ շենքում գտնվելը դեռևս վտանգավոր է»,-հավելել է Հեյցը:

Ներքին գործերի նախարար Լորեն Նունյեսը հայտնել է, որ տաճարի կարկասը հրդեհից հետո «ընդհանուր առմամբ վատ վիճակում չէ», սակայն թույլ տեղեր ունի: Հիմնականում կամարի մասում: Ըստ France24-ի, այժմ ճարտարապետներն ու մասնագետները զննում են տաճարը: Նրանք պետք է եզրակացություն տան շենքի ամրության մասին: Անվատնգության ապահովման աշխատանքներին մոտ 48 ժամ է տրված, որից հետո մշակույթի նախարարության աշխատակիցներին կթույլատրվի մտնել շենք և տարհանել մշակութային արժեքները:

Տաճարի վերանորոգմանը մասնակցող Europe Echafaudage ընկերությունը հայտարարել է, որ աշխատանքների կատարման ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։