17 ապրիլի 2019 - 12:31 AMT
Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Վագների Օհանջանյանց), որը ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:

«Նոտր Դամի հետ պատահած սարսափելի ողբերգության լույսի ներքո ես զգալի նվիրատվություն եմ անում տաճարի վերականգնման համար: Խոստանում եմ փոխանցել ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից Badoo-ի ստանալիք եկամուտների 100%-ը: Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,-գրել է Անդրեևն իր Instagram-ում:

Անդրեևը պատմել է, որ իմացել է փարիզյան ողբերգության մասին սոցցանցերից, անմիջապես լուրերն է միացրել: «Ինձ համար այդ իրավիճակը մեծ շոկ էր»,-ասել է նա, գրում է Forbes-ը:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել միլիարդատեր Պինո, Առնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: