17 ապրիլի 2019 - 11:34 AMT
Դատախազ. Քոչարյանի կալանավորման հիմքեր կան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը կան Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար:

«Առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը: Մենք շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ և առաջին ատյանի, և վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն», - ասել է դատախազը։

Ավելի վաղ ևս երկու ամսով երկարաձգվել է Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը:

Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին քաղաքական գործընթացներին զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: