Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը տաճարի հրդեհից հետո հայտնվել է Amazon կայքի ամենապահանջված գրքերի 10-յակում:
Հրատարակումներից մեկը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ մեկ ուրիշը՝ 8-րդը: Աճել է նաև Փարիզի ուղեցույցների վաճառքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին BFM ТV հեռուստաալիքի վրա հղումով:
Ինչպես հիշեցնում է ալիքը, նման երևույթ եղավ նաև նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո: Այն ժամանակ ընթերցողների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ Էռնեստ Հեմինգուեյի «Տոնը, որ միշտ քեզ հետ է» գիրքը:
«Փարիզի Աստվածամոր տաճարը» հայտնի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1831-ի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953 (Վ․ Միքայելյան) և 2012 թվականներին։
Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: