«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, առաջարկել է ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին խորհրդարան հարցուպատասխանի կանչելու օրենք մշակել:
Մակունցն անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» այն մեղադրանքին, որ նախագծով ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն դառնում նախարարություն, ինչպես որ ժամանակին խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է, որը չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքների ավելացմանը։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս», - ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ ինչպես ընդդիմադիր խմբակցությունները, այնպես էլ իշխող ուժը ցանկանում է, որ ԱԱԾ-ի ու ոստիկանության գործունեությունը դառնա վերահսկելի։
Նա «Իմ քայլը» խմբակցության անունից բաց առաջարկ է արել անմիջապես մշակել մի նախագիծ, որով ԱԺ-ն Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, այնպես, ինչպես կառավարության մյուս մարմիններին, կկարողանա հրավիրել հարցուպատասխանի:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե այս կառույցները պետք է դառնան նախարարություններ, Մակունցն ասել է, որ իշխանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական մարմիններ։
«Նպատակահարմար չենք գտնում՝ հաշվի առնելով թե մեր, թե տարբեր երկրների հետ կապված մտահոգությունները»,- ասել է Մակունցը։
Ընթերցեք նաև՝ «Մարուքյանի պաստառը, Սերժ Սարգսյանի կոստյումը, Փաշինյանի խոստումը»: