17 ապրիլի 2019 - 15:11 AMT
Նազարյանը Պետրոսյանին հորդորել է «Իմ քայլին» քննադատելիս հիշել ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանին ու Վարդան Ղուկասյանին

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խորհրդարանում պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի քննադատություններին:

Ավելի վաղ Պետրոսյանն ասել էր, որ «Իմ քայլը» միանձնյա իշխանություն է և թող կեղծարարների ու անգրագետների չնշանակի պաշտոններում:

‹‹Այս մարդիկ եթե հանկարծ վկայականը 3 օր կորցնեն չեն հիշի ինչ են աշխատում: Մի՛ նշանակեք նման մարդկանց››,-ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ կառավարության ծրագրում ‹‹Իմ քայլը›› որ ուղղությունը հռչակել է գերակա, այդ ուղությամբ էլ նախարարությունը լուծարում է:

‹‹Ուզում եմ մի բան հիշեցնել, շատ լավ բան է խորհուրդ տալը, բայց պետք է նկատի ունենք, որ խելառ լինելն ու խորհուրդ տալը լրիվ տարբեր բաներ են››:

«Պարոն Պետրոսյան, ուզում եմ հիշեցնել, որ դասախոս չեք և պետք է դադարեք պատգամավորներին ասել ինչ գրքեր ու օրենքներ կարդան: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերն իրեն չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսակետից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ իր խմբակցությունում լինի մարդ, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել (նկատի ունի 3.5 տարի ազատազրկման դատապարտված Էդուարդ Բաբայանին, որը համաներմամբ չի կրի պատիժը)», - ասել է Նազարյանը:

Նա ակնարկել է նաև խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Ղուկասյանին, որն իր ընտանիքի անդամների հետ անցել է բազմաթիվ քրեական գործերով:

«Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանում երկրորդ քաղաքում այնպիսի իրավիճակի է հասցրել, որ մինչև հիմա փոսից չեն կարողանում հանել», - նշել է Նազարյանը:

Նա հորդորել է, որևէ մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել «վերին հեղինակություն և դրոշակ, որովհետև հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ազնիվ, պատասխանատու ու խիզախ լինելու»: