17 ապրիլի 2019 - 16:53 AMT
Մարուքյանը՝ Փաշինյանին. Քոչարյանի օրոք հետապնդվող ԶԼՄ-ի գումարը չեն ուզում վերադարձնել

ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Գալա» հեռուստաընկերության հանդեպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք քաղաքական հալածանքների մասին:

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը 2007 թվականին հարցազրույց էր տվել հեռուստաընկերությանը, որից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության մակարդակով հալածանքներ են սկսվել «Գալայի» նկատմամբ՝ հրահանգել են գովազդատուներին հանել գովազդները եթերից, հարկային մարմինները տուգանել են 25 մլն դրամով:

«Վանաձորում գտնվող մեր գրասենյակն այդ ժամանակ դիմել է ՄԻԵԴ. վերջինս որոշել է, որ տեղի է ունեցել խախտում: Տեղի է ունեցել մի բան, որն ինձ զարմացրել է, պետությունը վարչական դատարանի այդ որոշման վրա բողոք է բերել: Այսինքն ընկերությունը հետապնդվում է Քոչարյանի օրոք՝ հրահանգավորված, վարչական դատարանում վկաներն ասում են՝ ԱԱԾ-ն ինչ ասել է, դա էլ գրել ենք, և դրանից հետո դատարանը վերացնում է այդ որոշումը, հիմա պետությունը բողոք է գրել, որ չի ուզում հեռուստաընկերությանը վերադարձնել 25 մլն գումարը: Տեղյա ՞կ եք դրանից, թե՝ ոչ», - հարցրել է Մարուքյանը Փաշինյանը:

Վարչապետն ասել է, որ բնականաբար առաջին անգամ է լսում այդ դեպքի մասին:

«Կհետաքրքրվեմ, առավել մանրամասն պատասխան կտամ: Ենթադրում եմ, որ այդ բողոքը գրել են մարդիկ, որոնք այն ժամանակ տուգանք են դրել հեռուստաընկերության վրա: Պետական կառավարման համակարգում որոշ պրոցեսներ նախկին իներցիայով են շարունակվում: Բնակաբար ես չեմ կարող ամեն ինչից տեղյալ լինել», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ որոշակի պարզաբնումներ ստանալուց հետո, ավելի կոնկրետ պատասխան կտա Մարուքյանին: