2 սեպտեմբերի 2008 - 19:39 AMT
Երեւան է ժամանում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզը
Սեպտեմբերի 3-ին Երեւան է ժամանում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: «Կքննարկվի նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը»,-ասել է Բալայանը:

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հայաստան են մեկնում մի խումբ թուրք դիվանագետներ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան նախապատրաստելու նապատակով: Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` 2010 Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը դիտելու նպատակով:

Ունալ Չեւիքյոզը գլխավորել է թուրքական պատվիրակությունը ընթացիկ տարվա հուլիսին Բեռնում հայ դիվանագետների հետ կայացած բանակցությունների ժամանակ: