19 ապրիլի 2019 - 17:45 AMT
Փաշինյան. Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

«Վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում այս թեման քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ», - ասել է վարչապետը:

Նա նշել է, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: ՀՀ այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:

«Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:

«Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ», - ասել է վարչապետը: