20 ապրիլի 2019 - 16:47 AMT
Երևանում աղբահանության նոր հիմնարկ կստեղծվի

Երևանի ավագանու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնելու նպատակով նոր հիմնարկ կստեղծվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է մայրաքաղաքի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է՝ «հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել այս որոշման նախագիծը»:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը կներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար։