21 ապրիլի 2019 - 18:24 AMT
Փաշինյանը ցավակցել է Շրի Լանկայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունները և վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու մեր օրերում ահագնացող այդ չարիքի դեմ: Շրի Լանկայի համար այս դժվարին պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - մասնավորապես, ասված է հեռագրում։

Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Զոհերի թվում կա 35 օտարերկրացի։ 7 կասկածյալ ձերբակալվել է: