Ապրիլի 21-ին բախումներ են տեղի ունեցել Վրաստանի Պանկիսի կիրճում ոստիկանների և բնակիչների միջև, որտեղ տեղաբնակները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ:
Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «տեղաբնակների որոշակի խումբ հարձակվել է 35 ոստիկանների վրա, որոնք ապահովում էին փոքր ՀԷԿ-ի շինարարների անվտանգությունը Պանկիսի կիրճում, քարեր նետելով նրանց ուղղությամբ, որից հետո որոշվել է լրացուցիչ ոստիկանական ուժեր տեղակայել կիրճում»:
ՆԳՆ-ն հայտնում է, որ քաղաքացիները դիմադրություն են ցույց տվել ժամանած ոստիկաններին, բախումների հետևանքով կան տուժածներ, ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ: Վնասվել է նաև ոստիկանության տեխնիկան:
«Բախումների հետևանքով վնասվածք է ստացել 55 մարդ՝ 38 ոստիկան և 17 տեղաբնակ: 23 ոստիկան դեռևս Թելավիի հիվանդանոցում է»,-ասվում է ՆԳՆ հայտարաության մեջ, հայտնում է Interfax.ru-ն:
Պանկիսի կիրճի բնակիչները բողոքում են Բիրկիանի գյուղի հարևանությամբ փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Դեպքի վայր է ժամանել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, որի արդյունքում լարվածությունը թուլացել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շինարարությունը ժամանակավոր կասեցնելու մասին և հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրճից դուրս բերելու վերաբերյալ:
Նախարարը հավելել է , որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել ոստիկանների վրա, կհայտնաբերվեն և խստիվ կպատժվեն: