22 ապրիլի 2019 - 10:58 AMT
Սյունիքի Խդրանցի եկեղեցին փլուզվել է

Ապրիլի 21-ին փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է օգտատեր Սասուն Մանուկյանը:

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել... Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա... 21.04.2019թ.»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան, հայտնում են ԱԻ նախարարությունից:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին: