22 ապրիլի 2019 - 12:49 AMT
Միրզոյանը՝ Սանասարյանի մասին. Որևէ մեկի ընկեր լինել-չլինելը քննության վրա չի կարող ազդել

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեմոդիալիզի գործով ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին:

«Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ դա որևէ նշանակություն չունի։ Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի ու դատավճռի վրա», - ասել է Միրզոյանը։

Հարցին, թե արդյոք Սանասարյանի քրգործը չի ազդի Թավշհա հեղափոխության վարկանիշի վրա, ԱԺ նախագահը պատասխանել է, որ «ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սանասարյանն իր ընկերն է, բայց Հայաստանում «անձեռնմխելի մարդիկ չկան՝ ընդդիմադիր լինի, թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական»:

Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՊՎԾ աշխատակիցների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթին միջամտելու վերաբերյալ քննվող գործի շրջանակում։ Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: