22 ապրիլի 2019 - 16:05 AMT
Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր կուղարկի ՌԴ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով

Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով, իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,-ասել է նա:

Ապրիլի 21-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Միհրան Պողոսյանը ՌԴ-ի Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել և ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել է Միհրան Պողոսյանը:

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: