4 սեպտեմբերի 2008 - 13:54 AMT
Ռուսաստանից հետո Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչած առաջին երկիրը դարձավ Նիկարագուան
Նիկարագուան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, այդպիսով դառնալով Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը, որը ճանաչել է այդ հանրապետությունների անկախությունը: Կովկասյան երկու հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին հայտարարությամբ հանդես եկավ այդ լատինամերիկյան պետության նախագահ Դանիել Օրտեգան Սանդինիստական զորքերի 29-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Օրտեգան քննադատել է Արեւմուտքի երկրներին եւ հայտարարել է, որ լիովին կիսում է Ռուսաստանի դիրքորոշումը: «Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է երկխոսության գնալ եվրոպական երկրների հետ»,-ընդգծել է այդ պետության ղեկավարը:

Նիկարագուայի նախագահը նշել է այն բացասական դերը, որը հակամարտության ընթացքում ունեցան արտերկրի որոշ ԶԼՄ-ներ, որ վերածվել էին «վրաց զինվորականության բարձրախոսի»: Արեւմտյան ԶԼՄ-ները գիտակցաբար լռում են զոհերի եւ ավերածությունների մասշտաբների մասին, որ եղել են Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի արդյունքում, հաղորդում է «Ռոյթերսը»:

Հիշեցնենք, որ երկու վիճահարույց կովկասյան հանրապետությունների անկախությունը դեռեւս պաշտոնապես ճանաչել են միայն Ռուսաստանն ու Նիկարագուան: Խորհրդային Միության նախկին հանրապետություններից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման հարցում Ռուսաստանին իր աջակցությունն են հայտնել Հայաստանն ու Բելառուսը: