23 ապրիլի 2019 - 13:16 AMT
5 հերքում՝ 4 ժամում

Ապրիլի 23-ին՝ կեսօրի դրությամբ, տարատեսակ պետական գերատեսչություններ և մասնավոր ընկերություններ հերքել են հայաստանյան մամուլում տարածված մի շարք լուրեր: Ապրիլի 23-ի ժամը 09:00-ից մինչև կեսօր արդեն 5 լուր է հերքվել: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է դրանք:

Մակունցի «նոր Քեմրին»

«Հրապարակ» թերթը գրել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար խորհրդարանը նոր «Տոյոտա քեմրի» է գնել, քանի որ «նա չի ցանկացել, որ Վահրամ Բաղդասարյանին (6-րդ գումարման ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության ղեկավար-խմբ.) սպասարկող մեքենան իրեն էլ սպասարկի»:

Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուրը՝ տեղադրելով իրեն սպասարկող մեքենայի հաշվառման վկայագրի նկարը, ըստ որի, մեքենան արտադրվել է 2015 թվականին. այն ԱԺ-ի կոմից գնվել է հենց նույն թվականին: Այդ ընթացքում դրա վազքը կազմել է մոտավորապես 125,000 կմ:

Միրզոյանի օգնականի «միանձնյա որոշումների» մասին

«Իրատես» թերթը գրել է, որ ՀՀ կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը Սիսիանից Կապան է տեղափոխել:

Հղում անելով անանուն աղբյուրի, թերթը պնդել է, որ տեղափոխելու որոշումը կայացվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանի ցանկությամբ, որը «մորն աշխատանքի տեղավորելու համար, օգտագործել է իր պաշտոնական դիրքը»:

Հրապարակմանը հումորով արձագանքել է «Քաղացացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակը:

«Մեր Շուշանի ձեռքը քարի տակ չէ։ Քիչ առաջ զանգեց-հրահանգեց, որ Կապանի օդանավակայանի աշխատանքները արագացնեն», - հեգնել է Կոստանյանը:

Բիզնեսի եկամտաբեր ճյուղերի «վերաբաշխման» մասին

«Ժամանակ» թերթը գրել է, որ նոր իշխանությունների օրոք «շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը»: Թերթի տեղեկություններով, ավիակերոսինի ներմուծմամբ «այլևս սկսել է զբաղվել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ կոնցեռնը»:

Կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը AraratNews.am-ի հետ զրույցում հերքել է այդ լուրը:

«Միտումնավոր տարածվող և, հավանաբար, որևէ նպատակ հետապնդող սուտ է: Պետությունը ոչ մի կապ չունի ավիակերոսինի հետ, դա մասնավոր ընկերության տիրույթում է: Եթե որևէ մեկը ցանկանում է ավիակերոսին վաճառել, պետք է հաղթի օդանավակայանի հայտարարած մրցույթում: Երկրորդ կարևոր փաստն այն է, որ «ՍԻԼ կոնցեռնը» ավիակերոսին ներկրելու հետ ոչ մի կապ չունի և չի ունեցել»,- ասել է Աննա Մկրտչյանը:

Փաշինյանի՝ «պետ դարձած վարորդի մորաքրոջ որդին»

Մյուս հերքված լուրը դարձյալ «Ժամանակ» օրաթերթն է տարածել:

Աղբյուրը պնդել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր վարորդի մորաքրոջ որդուն նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող՝ Նորագավիթի մաքսային կետի տնօրեն, ապա հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ վարչապետը այդ մաքսակետում կարգադրել էր աշխատանքից ազատել դրոշը գետնից գցած աշխատակցին:

Ավելի ուշ աշխատանքից ազատվել էր նաև մաքսատան պետը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ ապրիլի 15-ին Արարատյան մաքսատուն-վարչության պետ նշանակված փոխգնդապետ Գեղամ Սարմազյանը Փաշինյանի վարորդի մորաքրոջ որդին չէ: Նշվում է, որ Սարմազյանը համակարգում վաղուց է աշխատում, իսկ վերջին մոտ 6 ամսում զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Ամուլսարի փորձաքննությունն ու լիբանանահայ Սիսեռյանը

«Ժամանակ» թերթի հերքված հերթական լուրը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքավայրի փորձաքննությամբ զբաղվող լիբանանյան Earth Link Advanced Resources Development (ELARD) ընկերությանը, որի հետևում, ըստ աղբյուրի, «կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը»: Թերթը նշում է, որ Սիսեռյանը լիբանանահայ է, ինչն էլ նշանակում է, որ «հենց նրա ուղղորդմամբ է» կառավարությունը պետական բյուջեից $400,000 տրամադրել այդ ընկերությանը, «այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով»:

Աղբյուրը նույնիսկ մտահոգություն է հայտնել $400,000-ը յուրացնելու հնարավորության հետ կապված:

ՀՀ քննչական կոմիտեն այս հրապարկման մեջ տեղ գտած փաստարկներն ավանել է շահարկումներ, և հայտնել է, որ ընկերությունը Ամուլսարի հանքի համալիր փորձաքննության կատարմանը ներգրավվել է կոմիտեի կողմից այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում: